
Հետևեք մեր
պարբերական թարմացումներին
Դեկտեմբերի 31, 2024
«Ազգային Ցանց» հիմնադրամը Մարտունիում իրականացրեց «Կենարար արմատներ, դիմակայուն սերունդներ» միջոցառումը
-
Չնայած, որ ընդունված է ամանորյա կորպորատիվները նշել շքեղ ռեստորաններում, «Ազգային Ցանց» հիմնադրամը կազմակերպեց այլընտրանքային միջոցառում և թիմային տոնը տեղափոխեց Մարտունի՝ տեղի և Հայաստանի այլ շրջաններից ժամանած երիտասարդների հետ կիսվելու մեր գիտելիքներով ու փորձով։
Դեկտեմբերի 21-ին Մարտունու Մշակույթի Տունը վերածվեց մեդիա հաբի, որտեղ Հզոր Միտք-ի և Հայ Ասա երիտասարդական նախաձեռնության հետ համատեղ կազմակերպվեց կոնֆերանս-համերգ։
Մեդիա ոլորտի փորձառու մասնագետների հետ հանդիպումից հետո անցկացվեց սիրողական ռեպորտաժների մրցույթ։ Հաղթողը ստացավ իր առաջին պրոֆեսիոնալ տեսախցիկը՝ որպես քայլ դեպի հաջողակ լրագրողական կարիերա։
Դեկտեմբերի 16, 2024
«Ազգային Ցանց» հիմնադրամը` 2024 թվականի «Ոգեզէն» տարեվերջյան համաժողովի պաշտոնական մեդիա գործընկեր
-
«Ոգեզէն» համահայկական հարթակը միտված է կենտրոնացնել հայ ժողովրդի ներուժն ու կարողությունները և ստեղծել ազգային անվտանգության համապարփակ համակարգ։ Համակարգի նպատակն է՝ զսպել թշնամական ագրեսիան, սանձել պետության ինքնիշխանության դեմ սպառնալիքները, նպաստել ճգնաժամերից վերականգնմանը։
Հայաստանյան մի շարք կազմակերպություններ և միավորումներ, որոնք նույնքան շահագրգռված են Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացմամբ՝ միացել են «Ոգեզէն»֊ի առաքելությանը։ Տարեվերջյան ամփոփիչ համաժողովի ընթացքում աջակիցները ներկայացնում են տարվա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկում գալիք տարվա ծրագրերը։
«Ոգեզէն»֊ի հետ մեդիա համագործակցության շրջանակներում իրականացրինք 2024 թվականի ամփոփիչ համաժողովի տեսալուսաբանումը, որ կարող եք տեսնել համահայկական հարթակի առցանց էջերում։
Նոյեմբերի 26, 2024
«Ազգային Ցանց» հիմնադրամը՝ Engage Armenia 2024 համաժողովի մեդիա գործընկեր և մասնակից
-
Նոյեմբերի 23-ին Դուբայում կայացավ Engage Armenia 2024 համաժողովը, որը միտված էր համախմբել Հայաստանի և Սփյուռքի առաջնորդներին և նորարարներին: Համաժողովը ներառում էր ինտերակտիվ ելույթներ, պանելային քննարկումներ և նոր կապեր ձևավորելու հնարավորություններ, որոնք անհատներին կապեցին Հայաստանի հզորացմանն ուղղված կազմակերպությունների և ծրագրերի հետ:
Որպես համաժողովի պաշտոնական մեդիա գործընկեր՝ «Ազգային Ցանց» հիմնադրամն իրականացրեց լայնածավալ լուսաբանում, իսկ համահիմնադիր և գործադիր տնօրեն Գայանե Մանուկյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունն ու տեսլականը։ Համաժողովի շրջանակներում նաև ներկայացվեցին հիմնադրամի հեռարձակող ընկերության կառուցվածքը, աշխարհագրությունը, աշխատանքային մոդելը և դրանում ներգրավվածության հնարավորությունները։
Հոկտեմբերի 31
«Ազգային Ցանց» հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր
-
«Ազգային ցանց» հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը օրերս կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմնադրամի Մեդիա կրթարանի շրջանակներում համագործակցելու նպատակով։
Մեդիա կրթարանը Հայաստանում առաջին համապարփակ լրագրական կրթության կենտրոնն է մեդիա ոլորտի մասնագետների համար։ Կրթարանի գլխավոր առաքելությունն է՝ պատրաստել բարձրակարգ մասնագետներ մեդիա ոլորտի համար՝ միավորելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։ Հուշագրի շրջանակներում համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան սովորել մեդիա կրթարանում, իսկ հետո աշխատանք ստանալ նորաստեղծ մեդիա ընկերությունում։
Մեդիա ընկերության նպատակն է՝ ռեսուրսների մոբիլիզացիայի, կրթության եւ ռեֆլեկտիվ մշտադիտարկման շնորհիվ ունենալ Հայկական քաղաքակրթությանը և պետականությանը ծառայող վստահելի և ազդեցիկ ռազմավարական հաղորդակցության միջազգային էկոհամակարգ։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից մեդիա կրթարան տանող ճանապարհը ապագայի լրագրողների մասնագիտությունը սերտելու պատրաստ երիտասարդների համար է։
Հոկտեմբերի 28, 2024
«Ազգային Ցանց» հիմնադրամը` Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի պաշտոնական մեդիա գործընկեր
-
Հոկտեմբերի 26-27-ին Դիլիջանում կայացավ Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովը, որը միտված էր խթանել զբոսաշրջության զարգացումը և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել:
«Ազգային Ցանց» հիմնադրամը համաժողովի պաշտոնական մեդիա գործընկերն էր և իրականացրեց լայնածավալ լուսաբանում։